Ամսագիր Ապրիլ 2013 Երևանի մայրաքաղաքը

26 Մարտ 2013, 12:55
90 |

Երևանի մայրաքաղաքը

Երևանի գլխավերևում՝ օդից կախված, կիսաքանդ, բայց հնարամիտ ճարտարապետական լուծումներով, ծուռումուռ ճանապարհներով ու քաղաքի խտացված պատմությամբ լեցուն մի թաղ կա, որտեղ մարդկանց ապրածն ավելի կենդանի է թվում, քան որևէ այլ տեղ: Դեռ միջնադարում պատմիչ Սեբեոսը Կոնդի մասին գրել է. «Բարեշեն՝ մենակերպ կենցաղով, խնձորենիների և ծիրանենիների հրաշալի այգիներով, խոխոջուն առվակներով ու սառնորակ խմելու ջրով: Ու թեև երկուաստիճան կազմություն չի ունեցել այն, այլ միահարկ, խուլ պատերով փողոցից մեկուսացված, պատշգամբ ու մառան ունեցող տներ են եղել, սակայն առանձնացել է մյուս թաղամասերից իր ինքնուրույն դիմագծով, կյանքով»: Այգիներն ու առվակներն արդեն այդքան էլ արդիական չեն, բայց Կոնդի՝ մինչ օրս պահպանված խիստ ինքնուրույն դիմագիծը գրեթե անփոփոխ է մնացել:

Երևանի հյուսիս-արևմտյան բարձունքից քաղաքին է նայում Կոնդը, որ բառացի նշանակում է բլուր: Ոմանք կատակում են, որ Կոնդը Երևանի մայրաքաղաքն է, մյուսներն էլ, թե այն քաղաք է քաղաքի մեջ: Հարթությունից, որտեղ քայլում է քաղաքը, Կոնդը չի երևում: Կենտրոնական ու գլխավոր փողոցներին հարող որոշ գեղեցիկ ու բարեկարգ առանձնատներնաչք են շոյում և ցրում են բոլոր կասկածներն ու ենթադրությունները, որ ներսում՝ավելի խորքում, իրար վրա հենված կիսախարխուլ տներով, նախորդ դարի դռներով ու չափազանց նեղ, բայց պատմությամբ լեցուն փողոցներով մի թաղ կա: Կոնդի դռներն առանձին թեմա են: Ասում են՝ ժամանակին դրանք մեկը մյուսից վառ գույնի են եղել: Հիմա գույներից էլ բան չի մնացել, բայց յուրաքանչյուր տան դուռ ու դարպաս խոսում է կենդանի պատմության մասին: Այս թաղում մարդիկ ապրում են սերնդեսերունդ, ինչը Երևանում արդեն հազվագյուտ երևույթ է:
Մայրաքաղաքի կենդանի մնացած թերևս միակ հին թաղամասից առաջին տպավորությունը կախված է նրանից, թե բազում աստիճաններից որո՞վ կհայտնվես այնտեղ: Օրինակ՝ եթե բարձրանում ես Սարյան փողոցի կենտրոնական փոստի կողքից, հայտնվում ես համեմատաբար թարմ ու նոր Կոնդում: Տեղացիներն այդ հատվածը Կոնդագլուխ են կոչում, իսկ կենտրոնական փոստից ավելի ներքև, իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա երկու նեղ աստիճանները տանում են բոլորովին այլ Կոնդ:

Նրանք ապրում են Կոնդում
Սարյանից դեպի Կոնդ ծուռումուռ աստիճաններից ձախ տիկին Ջու-լիետայի տունն է: Նա ծնվել, մեծացել ու ամուսնացել է Կոնդում: «73 տարի միասին ենք, իմ ու Կոնդի կյանքն արդեն անբաժանելի են», — ասում է նա: Հիշում է իր մանկության առանց ջրի ու կոյուղու Կոնդը: Ջրամատակարարման խնդիրը վերջերս է լուծվել. վերջին խորհրդարանական ընտրություններին թաղով հավաքվել ու թեկնածուներին ասել են՝ ով ասֆալտապատի նեղլիկ փողոցներն ու լուծի ջրամատակարարման հարցը, նրան էլ կընտրեն: Օգնել է:
Տիկին Ջուլիետան իր երիտասարդ տարիների կոնդեցիներին համախմբված է հիշում. ասես բոլորը միասին էին ապրում: Երբեմն բակի բոլոր հարևաններով էին ճաշին սեղան նստում: Չնայած ելնելով կենցաղային պայմաններից՝ հիմա ամեն ինչ այլ կերպ է, բայց տիկին Ջուլիետան վստահեցնում է, որ անփոփոխ է մնացել կոնդեցիների սերը՝ մասնակցելու թաղի հարսանիքներին ու թաղումներին՝ հրավիրված լինել-չլինելու փաստից անկախ: Նեղ ու երկար ճանապարհով ուղեկցում են հարսանեկան ավտոշարասյունը կամ թաղման թափորը: Ի դեպ, առաջին հայացքից թվում է, թե անհնար է մեքենայով Կոնդ մտնել ու ավելի անհնար է այնտեղից դուրս գալը, բայց շրջադարձ անող հմուտ վարորդներն այստեղ, պարզվում է, քիչ չեն: Չնայած հետիոտնե-րը որոշ փողոցներում մեքենային զիջելիս պետք է պինդ կպչեն պատին՝ անիվների տակ չհայտնվելու համար: Կոնդի նեղ փողոցների մասին շատ պատումներ կան: Բնիկ կոնդեցի Գրիգոր Դրոշակակիրյանը պատմում է, որ իր պապը սխալ կայանած մեքենայի պատճառով փակվել ու մնացել է զուգարանում, քանի որ զուգարանի դուռը բացվում էր դեպի փողոց, իսկ կայանած մեքենան զբաղեցրել էր դրա ողջ տարածքը...
Կոնդի բազմաթիվ պատմություններ հյուսվում են տներին հարող քարե կամ բետոնե նստարաններին, որոնց առատությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք մեծ սեր են վայելում կոնդեցիների շրջանում: Պարզվում է՝ ամռան ամիսներին նմանատիպ բոլոր նստարանները զբաղված են. կոնդեցի տղամարդիկ նարդի կամ թուղթ են խաղում դրանց վրա, իսկ կանայք մի բաժակ սուրճի շուրջ քննարկում են թաղի վերջին նորություններն ու իրադարձությունները: Տեղացի կանանց հաճախ կարելի է տեսնել նաև գրեթե ամեն քայլափոխի հանդիպող աղբյուրների մոտ, որոնց թիվն այդպես էլ չհաջողվեց հաշվել: Չնայած գրեթե յուրաքանչյուր տուն արդեն հնարավորություն ունի անհատական ջրամատակարարում ունենալ, բայց այնպիսի տպավորություն է, որ ծորակով աղբյուրների ակտուալությունը դրանից թաղամասում չի նվազել: Եղանակների տաքանալուն պես կանայք այստեղ լվացք են անում կամ ցայում են սուրճի բաժակները: Ամառը տարվա ամենասիրելի եղանակն է, իսկ անձրևների ու ձմռան հետ գլուխ են բարձրացնում թաղամասի, մեղմ ասած՝ վատ պայմանները՝ կաթում են տանիքները, սառցակալում են դեպի կենտրոնական փողոցներ իջնող աստիճաններն ու արահետները:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով